Սիրելինե՛ր, Մայր եկեղեցուց դուրս գտնվող քրիստոնյա խմբավորումները մեծ մասամբ չունեն ննջեցյալների խորհուրդը և այդ խորհրդից այնքան էլ բան չեն հասկանում: Սակայն այդ ամենի մասին կան հին և նոր կտակարաններում:
Փրկիչն ասաց` թող մեռելները թաղեն իրենց մեռելներին, իսկ դու արի իմ հետևից:
Այս խոսքը Աստծո հանդեպ հավատքից հեռացած, արդեն հոգով մեռելների մասին է, որ միայն արտաքնապես են կենդանի թվում, ժամանակավորապես:
Իսկ քրիստոնյա ննջեցյալները մտնում են Աստծո հոգացության ներքո: Եվ հավատացյալներիս էլ, ոչ նորադարձներին, հուշվում է մեր ննջեցյալների համար օգտակարը գործել, որպեսզի նրանց պարտքերը Աստծո առաջ մեղմանան և պատժաչափերը թեթևանան, ում որքան որ Տիրոջով կարելի է և հնարավոր:
Իր մահացած ննջեցյալ մերձավորների հոգիների համար Անդրանիկ Զորավարը պատվիրում էր՝ ամեն շաբաթ երեկո խունկ ծխել:
Զորավար Նժդեհը հոգևորականների ժառանգ լինելով՝ լավատեղյակ էր քրիստոնյա հոգիների գործուն կենդանության մասին և մարտերից առաջ ոգեկոչում էր նրանց զորակցել իր զորքին և նժդեհյան զորքերը տասնապատիկ ավելի զորավոր էին դառնում, հայրուրապատիկ ավելի հաղթական։
-Վա՜յ այն ազգերին, ովքեր որ չունեն իրենց ննջեցյալ զորավորների զորակցությունը,- ասում էր Իմաստուն զորավարը:
Եվ այս առումով անդրադառնանք նաև մեր քահանաներին. նրանք, երբ ձեռնադրվում են, փոխում են նրանց անունները և գործուն ու հաղթ, վիթխարի սրբերի անուններով են նրանց արդեն կոչում, և այդ հոգևոր հաղթերի կենդանի զորությունը սկսում է գործել մեր քահանաների վրա: Իզուր չէ, որ հոգևոր մեծերը այս բանն են հայտնել մարդկությանը. «Քահանային անարգողը իմանա, որ Աստծուն է անարգում»:
Եվ անուններ փոխելը Տիրոջից է գալիս, նա մեծ մասամբ փոխում էր իր աշակերտների անունները և նրանց նոր անուններով արդեն կոչում:
Կամենանք թե չկամենանք, մեր ննջեցյալների հոգիները մեզ հետ են: Եվ որքան որ ըստ Աստծո պատվիրանների ենք ապրում, նրանց հոգիները ևս մեզ հետ նույնն են անում ու հոգիների աշխարհում մխիթարություն են ստանում, լույս և քավություն, ամոքումներ: Ննջեցյալների հիշատակը առանձնակի է օգտակար պահել՝ նրանց անվան համար ողորմածություններ բաժանելով աղքատներին, տնանկներին, որոնց օրհնանքը լսելի է Աստծուն և գոհաբանական օրհնանքներով, Աստծո Կամքը գործողների բարեխոսություններով ու աղոթքներով՝ բարելավվում է ննջեցյալի հոգեվիճակը Աստծո առաջ։
Որովհետև քրիստոնյաները մարմնով են մեռելներ և ոչ հոգով: Եվ նրանք բանականորեն լսում և հաղորդվում են իրենց համար տրվող պատարագներին ու աղոթքներին, ողորմածություններին ու բարեգործություններին։
Հիշենք նաև, որ բոլոր տեսակի պահքերը՝ ծոմ կամ պաս, մանավանդ Մեծ Պահքը, ոչ միայն ապրողների, այլ նաև ննջեցյալներին մխիթարություն փոխանցելու համար են:
Իսկ քրիստոնյա վիթխարի ննջեցյալ անհատները, մեծ մշակները, մեծ գրողները հաճախ դառնում են մեր ժամանակավոր ընկերակիցները՝ օգնահաս իրենց փորձառությամբ, թեպետ արդեն առանց ֆիզիկական մարմնի։
Տիրոջ ողորմածությունը մաղթենք Աստծո բոլոր ննջեցյալներին և Քրիստոս Իր Կենդանությամբ թող որ թագավորի ամենքիս վրա, կարգավորելով խրթին հարցերը և պարզ, հստակ և օգտակար դարձնի բոլոր պատասխանները:
Այնուամենայնիվ, ննջեցյալներին վերաբերվող խնդիրներում նորադարձների առաջ պարտադրանք կամ պահանջ չկա, քանի որ նրանք Շնորհի խանդաղատանքով և ուրախությամբ են լեցուն, որովհետև Քրիստոս Փեսան նրանց հետ է, որպես հարսանիքավորների:
Եվ մեր Տերը ծոմ ու պահեցողությունների մասին այս է խրատում.
«Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները մօտեցան նրան և ասացին. «Ինչու՞ մենք և փարիսեցիները յաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»: 15 Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ բան է, որ հարսանքաւորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է. բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, և ապա ծոմ
կը պահեն» (Մատթէոս 9):
Իսկ թե ինչպես ծոմ ու պաս պահենք, որ ընդունելի լինի Աստծուն և որ չլինի ձևական, փարիսեցիություն կամ կեղծավորություն, այդ մասին Տերը հետևյալն է խրատում.
«ՈՒսուցում ծոմապահութեան մասին
16 «Երբ ծոմ պահէք, տրտմերես մի՛ լինէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երևան, թէ ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: 17 Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լուա՛ քո երեսը, 18 որպէսզի չերևաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար. և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ»:
Երբ Ավետարանը իմաստությամբ ընթերցենք, ապրենք այդ Կյանքի Հացով, նա մեզ արքայության բնակչի հագուստներ կհագցնի:
Տերը յուրաքանչյուրիս բեռը Իր խաչելությամբ թող թեթև դարձնի՝ շնորհների քաղցրությամբ և նրանց գործադրումով, և թող որ երբևէ չմնանք հուսալքությունների մեջ:
Ամե՛ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ